Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ազատատենչ հայը մարտնչելով հայրենիքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, կռվում էր Հայաստանի անկախության, իր ժողովրդի անվտանգության ապահովման համար: Այդ մարդկանցից այսօր քչերն են կենդանի մնացել…Մեր կողքին ապրող քայլող հերոսներից է Վաղարշակ Գրիգորյանը:
Հայրենական Մեծ պատերազմը հազարավոր հերոսների անուններ բացահայտեց: Հայ ժողովուրդը աշխարհի առաջադեմ մարդկության հետ ուս ուսի, մարտնչեց ֆաշիզմի դեմ և իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ նրա ջախջախման գործում:
Այսօր ավելի քան կես դար անց, մենք հպարտանում ենք անցյալ դարի քառասնական թվականների սերնդի արած թողածով: Ղազանչիի ծնունդ, ստեփանակերտաբնակ Վաղարշակ Գրիգորյանը այդ հերոսներից մեկն է: Կյանքի 96 գարունների ընթացքում Վաղարշակ Գրիգորյանը շատ դժվարություններ ու փորձություններ է տեսել, վիրավաորվել է թևից, գլխից բայց չի ընկրկել, դեռ չապաքինված նորից մեկնել է մարտի:
18 տարին չէր բոլորել, երբ զորակոչվել է կարմիր բանակ, կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում:
Ծանր, սարսափելի, անասելի դժվար օրեր շատ է տեսել: Քայլել, անցել է պատերազմի ահեղ ճամփաներով, մասնակցել՝ Կիևի ազատգրմանը: Պատերազմական իրադարձությունները, գործողությունները խաղաղ օրերում կարող են մոռացվել, բայց կան դեպքեր, հերոսական դրվագներ, որոնք երբեք ու երբեք չեն մոռացվում, հիշվում են ամեն օր, ամեն ժամ, -ասում է նախկին ճակատայինը:
Մեդալներ շատ ունի մեկ -մեկ հիշում է, որն ինչի համար է ստացել, ով է հանձնել ու ինչ պայմաններում, սակայն դրանցից առանձնացնում է մի քանիսը, որոնք իր համար հատուկ նշանակություն ունեն:
Երկու պատերազմ տեսած պապիկը ոչնչից ու ոչ մեկից չի դժգոհում: Գոհ է կյանքից: 7 երեխա, 26 թոռ և 44 ծոռ ունի:
Ինչպես ինքն է ասում՝ հարազատներն օգնում են, ինքն էլ կարողության չափով օգնում է նրանց: Ցավով հիշում է մարտական ընկերներին: Հիշում է հայրենի Ղազանչին ու ափսոսանք ապրում: Հիշում է իր կառուցած տունն ու մտերիմներին… թուրքերի վայրագություններն ու հարազատներին խոշտանգելու պահերը: Այսպիսինն է Վաղարշակ Գրիգորյանի կենսագրությունը, մի մարդ, ով վիրավորվել է մարտում, բայց հույսն ու հավատը հաղթանակի հանդեպ չի կորցրել, ապաքինվել, նորից գտել է յուրայիններին: Մի մարդ, որ տեսավ թշնամու ավերած գյուղերն ու քաղաքները գործարաններն ու ֆաբրիկաները և ատելությամբ լցվեց իր հայրենիքի սահմանները ներխուժած հրոսակների նկատմամբ: Կռվեց մինչև վերջ ու վերադարձավ տուն. ճակատը՝ բաց, խիղճը ՝ մաքուր:
Հայրենական պատերազմի վետերանն այսօր մի ցանկություն ունի, որ ներկա ու գալիք սերունդները պատերազմ չտեսնեն և երբեք չապրեն այն դաժան օրերը, որով ինքն է անցել: Նախկին ճակատայինը հպարտ է, քանզի հաղթանակի բերկրանքը ինքը մարտական դիրքերում է զգացել: