Բարեգործությունն էլ յուրօրինակ հայրենասիրություն է

Այսօր Արցախի ազատամարտիկների միությունը հերթական բարեգործությամբ է հանդես եկել: Օրվա հերոսները փոքրիկներն  էին: Այն, որ երեխաները մշտապես գտնվում են Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում, փաստ է, վկայությունը  նախորդ տարիներին կազմակերպված բազմաբովանդակ միջոցառումներն են, որոնք ունեն շարունակական բնույթ: Երեխաները մեր ապագան են, իսկ երեխաների պաշտպանության միջազգային օրը մի հնարավորություն է ուրախացնել կյանքը գեղեցկացնող փոքրիկներին,- նշել է Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը: Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ- մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և հրահանգով այսօր Ազատամարտիկների անունը կրող պուրակում երեխաներին բաժանվեցին նվերներ ու պաղպաղակներ: Փոքրիկները երգեցին, ասմունքեցին, մի լավ ուրախացան: Նրանց աչքերում ուրախություն էր տիրում, իսկ ելույթներում ՝ խաղաղության գովքը: Ազատամարտիկների միության նախաձեռնության ՛շնորհիվ տոնն այդ վերածվել էր իսկական հրաշքի: Ծնողները, երեխաները իրենց շնորհակալությունը հայտնեցին միության նախագահ գեներալ–մայոր Սամվել  Կարապետյանին  հավելելով, որ իրենց կենսագրությունը հարստացավ ևս մի հիշարժան օրով, հուզաթրթիռ ապրումներով: