Անմնացորդ նվիրում

Արցախյան գոյամարտը ի զեն կոչեց բազում նվիրյալ քաջորդիների, ովքեր, ցավոք, հայրենիքի փրկության գաղափարը հաստատեցին իրենց կյանքի ու արյան գնով:

Նրանցից շատերը հայրենիք էին եկել օտար ափերից՝ իրենց հետ բերելով կին, երեխա, հետևում թողնելով տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծածն ու ուսածը:

Ճարտարի ծնունդ Յուրի Վաղարշակի Բաբաջանյանը այդ քաջորդիներից մեկն էր: Մարդ, որ հավատարիմ էր մարդկային բոլոր լավագույն արժեքներին: Նրա մասին խոսել են ու դեռ երկար են խոսելու, քանզի նա մեկն է այն նվիրյալներից, որի օրինակով կարելի է դաստիարակել երիտասարդ սերնդին:

Այսօր նա կլիներ 58 տարեկան, ցավոք, վաղաժամ ընդհատվեց խիզախ հայորդու կյանքը: Յուրի Բաբաջանյանը այն մարդն էր, ով թողել էր խաղաղ աշխատանքը, տունը, տեղը, տարիների վաստակն ու եկել Արցախ: Նրա համար հայրենիքը վեր էր բոլոր տեսակի զգացմունքներից, նա եկել էր մահվան սարսափին դիմակայելու երկրի հանդեպ ունեցած ամուր հավատով:

<<Դուշամբեն շատ գեղեցիկ քաղաք է, այնտեղ տեսարժան վայրերը շատ են, իսկ ինձ համար երկրագնդի վրա ամենագեղեցիկ տեղը Արցախն է, ամենահարազատ ու չքնաղ վայրը՝ իմ Ճարտարը>>:

Յուրին սկզբում հինգ ֆիդայինների հետ սկսեց հայրենի գյուղի պաշտպանության գործը: Այնուհետև ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը: Երբ լսեց հայոց մեծ երկրաշարժի մասին, Յուրին մեկնեց աղետի գոտի և ակտիվորեն մասնակցեց փրկարար աշխատանքներին: Այնուհետև եկավ ծննդավայր՝ հող հայրենին պաշտպանելու: Զինակից ընկերների խոսքերով Յուրին յուրաքանչյուր մարտի ժամանակ այնպես էր կռվում, որ թվում էր, թե դա նրա ամենաերջանիկ ու ամենաճակատագրական մարտն է լինելու: Հայրենիքի նվիրյալը տանը հազվադեպ էր լինում, թեև գիտեր, որ իրեն անհամբերությամբ են սպասում ծնողները, կինն ու երեխաները:

Մարտընկերներից Կամո Սաֆարյանը սիրով ու ափսոսանքով հիշելով Յուրիին մեր զրույցի ժամանակ մասնավորապոես ասաց. <<Մենք նրան զաուշ էինք անվանում, նրա հետ հաճելի էր և պատերազմի դաշտում, և սեղանի շուրջ և ամենուր: Բնավորությամբ հանդուրժող էր, կենսախինդ էր, նվնվացողներին չէր

սիրում: Բարի էր, ուներ հրամանատարին հատուկ ոգի: Բացառիկ անձնավորություն էր>>:

Յուրին լավ էր հասկանում զենքի լեզուն:

Ուրյանա սարի մարտերից մեկի ժամանակ թշնամու տանկի անձնակազմը լքել էր չաշխատող մեքենան և փախել: Յուրին գիշերը ընկերոջ՝ Արթուրի հետ հասավ տանկին, նորոգեց այն, բերեց ու հանձնեց գումարտակին:

Երբ նա կրակում էր նռնականետով, թշնամին լռում էր: Նա մասնակցել է մի շարք ազատագրական ու պաշտպանական մարտերի:

Նա չէր սիրում ճառել: Մարտընկերների հետ սիրում էր խորհրդակցել, բայց որոշումը ընդունում էր ինքը: Զինվորներին վերաբերում էր եղբոր նման, դողում՝ յուրաքանչյուրի կյանքի համար:

Նա միշտ լինում էր կրակի առաջին գծում:

Եվ պատահական չէ, որ Արցախի քաջորդու խիզախությամբ հիացած էր Մոնթե Մելքոնյանը՝ Լեգենդար Ավոն, ով և վստահում ու սիրում էր Յուրիին:

<<Յուրին մեր լավ կռվողներից է>> հաճախ էր ասում նա:

Նա քաջ ու համեստ, խիզախ ու շիտակ, ֆիզիկապես ամուր էր, ուներ հրամանատարին հատուկ ոգի, իսկական զինվորական էր: Բարի, լայնախոհ մարդ էր Յուրին, հարգում էր մեծահասակներին, գորովագութ սեր տածում երեխաների հանդեպ:

Անխոնջ հրամանատարի բարեմասնությունների մասին կարելի է երկար պատմել, բայց նրա ամենամեծ բարեմասնությունը հանուն հայրենիքի մարտիրոսվելն է: Նրա երազանքը գերված հողերի ազատագրումն էր ազերիներից ու կռվում էր հանուն այդ գաղափարի:

Ցավոք 1994թ. Փետրվարի 2-ի մարտը վերջինը եղավ Յուրիի համար: Խիզախ հայդուկը վիրավորվեց թշնամու գնդակից, պայքարեց մինչև վերջին րոպեն, ավաղ, գնդակն այս անգամ մահացու էր: Փետրվարի չորսին արշալույսի ու մայրամուտի գեղեցկությունը խամրեց: Քավթալույում ընկավ հայրենյաց պաշտպանը: Այնքան կենսասեր, այնքան զվարթ հրամանատարը: Ընկավ ու հերոսացավ: Յուրի Բաբաջանյանի և իր նմանների սխրանքով այսօր դաստիարակվում է մի ողջ սերունդ: Հերոսի դուստրերի խոսքերում իշխողը հպարտությունն է: Ղուզե Ճարտարի դպրոցի մոտ մի աղբյուր է կառուցվել, որը հավերժացրել է հերոսների կյանքը, իսկ նրանց կատարածը ամփոփված է աղբյուրին գրված մեկ

նախադասության մեջ. <<հագեցրու ծարավդ, անցորդ, և հիշիր նահատակներին>>:

Հայրենիքի համար ցուցաբերած ծառայությունների համար Յուրի Բաբաջանյանը պարգևատրվել է <<Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով>>