Հայրենակիցնե՛ր
Արցախի ազատամարտիկների միության վարչությունը ցավակցում ու վշտակցում է Տավուշի սահմանային դիրքերում հերոսաբար զոհված զինծառայողների՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանի, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանի հարազատներին և զորակցություն հայտնում նրանց մերձավորներին ու բարեկամներին:
Նրանց հերոսական կերպարը սերունդների սրտերում կապրի, որպես պայքարի ու մաքառման խորհրդանիշ: Քաջերի վարքն ու գործը իրենց ապրած ժամանակի մեջ չեն սահմանափակվում, որովհետև նրանց կյանքն ու ճակատագիրը մշտապես ապրում են՝ սերունդների համար դառնալով արիության ու սխրագործության դաս:
Արցախի ազատամարտիկների միության վարչությունը իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում մարտիրոսված զինծառայողների հարազատներին և ուսուցիչներին՝ այդպիսի նվիրյալ և հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, միաժամանակ վստահեցնում է, որ ազատամարտիկները ինչպես երեկ, այսօր էլ պատրաստ են կանգնել մարտական ծառայություն իրականացնող զինվորի կողքին:
Փա՜ռք հերոսական մեր հայրենիքի անձնվեր ու քաջակորով զինծառայողներին, փա՜ռք Հայոց բանակին, փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահաբար կերտում է իր ապագան:
Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ,
գեներալ-մայոր Ս. Ջ. Կարապետյան