ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Ակնայի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ.

Ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը Արցախի զինված ուժերի գրագետ ու անձնվեր գործողությունների արդյունքում վնասազերծվեց Աղդամի ադրբեջանական ռազմակայանը:

Դեմ առ դեմ ելնելով հակառակորդի բազմաքանակ ուժերի դեմ, որոնց շարքերում, ի դեպ, կռվում էին նաև չեչեն վարձկաններ՝ ոչ անհայտ Բասաևի գլխավորությամբ, հայ ազատամարտիկները երկօրյա թեժ մարտերից հետո կոտրեցին դիմադրության պատնեշը և վերահսկողության տակ առան ռազմակայանը՝ իր շրջակա տարածքներով հանդերձ:

Այս ռազմագործողությամբ Հայոց զենքի փառքը ստացավ նոր հնչեղություն: Ավելին՝ հակառակորդին հասցված ռազմական ու բարոյահոգեբանական հզոր հարվածի արդյունքում պաշտոնական Բաքուն պարտադրված էր, մինչ այդ ծավալված հակամարտության ողջ ընթացքում, առաջին անգամ ուղիղ կապի մեջ մտնել պաշտոնական Ստեփանակերտի հետ և խնդրել եռօրյա հրադադար:

Սիրելի հայրենակիցներ.

Երեկվա վնասազերծված Աղդամն, այսօր այլևս վերածնված Ակնան է՝ Հայոց ամենազոր արքա Տիգրան Մեծի ոստանը: Հիշենք այս ճշմարտությունը և գործենք այն մեկընդմիշտ պահելու հաղթական վճռականությամբ:

Ավարտելով խոսքս, թույլ տվեք մեծարանքի խոսքեր հնչեցնել Ակնայի ազատագրման ռազմագործողության և, ընդհանրապես, Հայոց նորօրյա պատերազմում ընկած բոլոր հերոսների և մեր կողքին ապրող հայրենյաց պաշտպանների հասցեին ու միաժամանակ շնորհավորել բոլորիս այդ փառավոր հաղթանակի կապակցությամբ:

Շարունակենք ապրել ու արարել հանուն մեր Հայրենիքի հզորացման և անվտանգության: