ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհուրդի կոնֆերանսը

ԱԱՄ կանոնադրության 9-րդ գլխի 2-րդ ենթակետի (ե) կետի համաձայն Ասկերանի շրջանի տարածքային միավորման խորհուրդի կազմի 2 ⁄ 3-ի առաջարկությամբ հուլիսի 18-ին Ասկերանի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցավ տարածքային միավորման 8-րդ արտահերթ կոնֆերանսը, հետևյալ օրակարգով՝

      1.«Ասկերանի տարածքային միավորման հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների մասին» հաշվետվությունը

  1. Ասկերանի տարածքային միավորման խորհուրդի կազմի համալրում և նախագահի ընտրություն

Կոնֆերանսին ներկա էին ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային միավորման խորհուրդի նախագահ, վարչության անդամ Ալեքսանդր Հարությունյանը, ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը: Վերջինս էլ  հանդես եկավ բացման խոսքով. «Կոնֆերանսի  հարգարժան մասնակիցներ, մինչև քննարկվող հարցին անցնելը, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Ասկերանի տարածքային միավորման խորհուրդի նախագահ Սամվել Մարդիի Աղաջանյանի, խորհուրդի անդամ Կամո Վազգենի Մելքումյանի, Արցախյան գոյամարտի նահատակների և հետպատերազմյան ժամանակաշրջանում զոհված և մահացած ազատամարտիկների, ինչպես նաև Տավուշի շրջանում վերջերս զոհված զինծառայողների հիշատակը»:

Կոնֆերանսը վարելու համար նախագահ ընտրվեց Սլավիկ Առուշանյանը: Զեկուցումով հանդես եկավ  քարտուղար Արմեն Հովսեփյանը, ով կատարված աշխատանքները գնահատեց բավարար: Կոնֆերանսի ընթացքում  խորհուրդի նախագահ ընտրվեց պահեստազորի գնդապետ Աշոտ Վլադիմիրի Աղաջանյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընտրողներին վստահության համար  և խոստացավ պարտավորվածություններն անթերի կատարել:

ԱԱՄ նախագահ գեներալ-մայոր Ս. Ջ. Կարապետյանի անունից խորհուրդի նորընտիր նախագահ Ա. Վ. Աղաջանյանին շնորհավորեց ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ  Խաչատրյանը: Այնուհետև մասամբ ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, հորդորելով՝ լինել զգոն և պատրաստակամ:

ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ

Աշոտ Վլադիմիրի Աղաջանյանը, ծնվել է 1975թ. օգոստոսի 25-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Ասկերան ավանում, ծառայողի ընտանիքում:

1981-91թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում: Այդ ընթացքում Արցախում սկսում   են ռազմական բախումներ և շատ շատերի պես ինքն էլ կամավորագրվել է Ասկերանի ինքնապաշտպանական ջոկատում: Մասնակցել է բոլոր ինքնապաշտպանական գործողություններին, իսկ ՊԲ կազմավորման առաջին օրերից զինվորագրվել է ու զբաղեցրել տարբեր պաշտոններ:

1997թ. Երևանում ավարտել է վաշտի հրամանատարի, իսկ 2007թ. ՌԴ ցամաքային զորքերի բարձրագույն ակադեմիական դասընթացները:

Մինչև 2003թ. ծառայել է 4-րդ ՊՇ-ում դասական հրամանատարից մինչ գումարտակի հրամանատար:

2003-2006թթ.` 2-րդ ՊՇ-ում որպես հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ:

2007-2010թթ.` 9-րդ ՊՇ-ում որպես զորամասի շտաբի պետ:

2010թ.  տեղափոխվել է 4-րդ ՊՇ որպես զորամասի հրամանատար:

2012-2014թթ.` 7-րդ ՊՇ որպես զորամասի հրամանատար:

2014-2018թթ.` 212 ԱՀԳ-ում որպես զորամասի հրամանատար:

2018-2019թթ` 5-րդ ՊՇ-ում որպես զորամասի հրամանատար:

2019թ.  զորացրվել է պահեստազոր գնդապետի կոչումով:

Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք պետական և գերատեսչական մեդալներով,  պարգևներով,  գովասանագրերով:

Ամուսնացած է,  ունի երկու երեխա:

2020թ. Հուլիսի 18-ին ընտրվել է Ասկերանի տարածքային միավորման խորհուրդի նախագահ: