Պարգևատրման ևս մի հաճելի նախաձեռնություն

Արցախի ազատամարտիկների միությունը օգոստոսի 1-ին հանդես եկավ հերթական բարեգործական ծրագրով: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, Ազատամարտիկների միության վարչության անդամներ, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և Արցախյան գոյապայքարի մասնակից ազատամարտիկներ: Արդեն մի քանի տարի է, ինչ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել և այս ժամանակաշրջանում միության կողմից արդեն նվիրաբերվել է թվով 42 ավտոմեքենա, այս անգամ` «Նիվա» մակնիշի 10 ավտոմեքենա: Ազատամարտիկների միությունը միշտ եղել ու մնում է պատերազմող ազատամարտիկների թև ու թիկունքը: Միության կողմից ազատամարտիկներին ցուցաբերվող բարոյական և նյութական օգնությունը շարունակական բնույթ կկրի: