Մարտունի քաղաքի 95-ամյակը

Մարտունի քաղաքը, սկսած իր հիմնադրման օրվանից, հերոսական պատմություն է ունեցել: Քաղաքն իր կենսագրությամբ և բնակիչներով հանդիսանում  է քաջության, անպարտելիության և  ազնվության խորհրդանիշ:

Քաղաքի ավագանու որոշմամբ 2007թ. օգոստոսի 17-ը հռչակվեց Մարտունի քաղաքի օր, սակայն այս տարի տոնական միջոցառումները իրականացվեցին օգոստոսի 23-ին:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:

Մինչ միջոցառման մեկնարկը՝ ներկաները, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ, ծաղիկներ խոնարհեցին Մոնթե Մելքոնյանի, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյապայքարի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների պատվանդաններին:

ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը խոսեց Մոնթեի և մեր մյուս լեգենդար հերոսների մասին, նշեց, որ մեր Հայրենիքում քաղաքացիները պետք է ապրեն բարեկեցիկ կյանքով և ապագայի հանդեպ մեծագույն հավատով: Ա. Հարությունյանը հավաստիացրեց մարտունեցիներին, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կլուծվեն բնակարանային խնդիրները, ասֆալտապատման և սալապատման աշխատանքներն ավարտին կհասցվեն, կարճ ժամանակում  կլուծվի կոյուղու հարցը: Արդյունքում՝ 5 տարի հետո Մարտունին կլինի բարեկարգ, գեղեցիկ քաղաքներից մեկը:

Մարտունեցիներին ուղղված շնորհավորանքի ու օրվան նվիրված խոսք ասաց քաղաքապետ Էդիկ  Ավանեսյանը: «Ուզում եմ բոլորս խորը գիտակցմամբ ընկալենք, որ ոչ միայն քաղաքապետի և քաղաքապետարանի, այլև յուրաքանչյուրիս պարտքն է՝ մեր գործունեությամբ նպաստել քաղաքի զարգացմանը: Մենք ականատեսն ենք, թե վերջին տարիներին ինչպիսի ենթակառուցվածքներով, ինչպիսի հանրային շինություններով ու բազմաբնակարան շենքերով է հարստանում Մարտունին: Նախկին փոշու և ցեխի փոխարեն հիմա բարեկարգված, ասֆալտապատ ու սալապատ փողոցներն են գերակշռում քաղաքում: Մենք սիրում ենք մեր քաղաքը, հպարտանում նրա անցյալով, ապրում ներկայով, հավատով նայում ապագային»,- ելույթի ընթացքում ասաց քաղաքապետ Է. Ավանեսյանը:

Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝  Մարտունի քաղաքի տոն օրվա և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին պատվոգրերով, դրամական պարգևով,  «Հայրենյաց պաշտպան» մեդալով:

ԱԱՄ  ուշադրության կենտրոնում է պահում այն ազատամարտիկներին, ովքեր պատվով և պատասխանատվությամբ են իրականացրել հայրենիքի պաշտպանության սրբազան գործը:

Փա՜ռք ու պատիվ հայրենիքի պաշտպաններին:

Թող նոր սերունդը պատերազմ չտեսնի, մեր երիտասարդները ծառայեն խաղաղ պայմաններում: Թող միայն հաջողությունն ու բարեկեցությունն իշխեն բոլորիս ընտանիքներում:

Տոնական միջոցառումն  ավարտվեց Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական կատարումներով:

Շնորհավո’ր տոնդ Մոնթեի քաղաք, շնորհավո’ր տոնդ, Մարտունու հերոսական ժողովուրդ: