Անկախության տոնը մեր ժողովրդի ոգու և կամքի հաղթանակն է:
Անկախության գոյապայքարը մեր ժողովրդին տվեց ոչ միայն ազատություն, այլև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք և հնարավորություն:
Հայ ժողորդի պատմական ուղին եղել է դժվար, բայց չնայած այդ ամենին, հայը միշտ պայքարել և մարտնչել է, հաստատելով իր ինքնությունը և անաղարտ պահելով իր ազգային նկարագիրը:
29 տարի առաջ մեր ժողովուրդը հռչակելով Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետություն, արտահայտեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը: Հիրավի, որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը:
Արցախյան գոյապայքարում մեր քաջորդիները բազմիցս ապացուցել են, որ հայ մարտիկի ոգին անկոտրուն է:
Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում մարտիրոսված հերոսների հիշատակի առաջ:
Հող-հայրենին փրկած ազատամարտիկն այսօր կերտում է Երկրի ապագան: Իսկ այդ ապագան միշտ լինելու է հուսալի ձեռքերում, որովհետև ազատության և անկախության խորհուրդն ըմբռնած ժողովուրդը ստեղծել է նաև մարտունակ ու հզոր բանակ, հայոց պետականություն, հարուստ և զորեղ մշակույթ:
Հայրենակիցներ, ի սրտե և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ և մաղթում հաջողություն, երջանկություն և հայրենանպաստ նորանոր ծրագրերի իրականացում:
Փա՜ռք Երկրի անկախության համար մարտիրոսված քաջորդիներին:
Փա՜ռք հայոց բանակին:
Փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահաբար կերտում է իր ապագան: