Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար և Արցախի հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի հանրապետության պետական պարգևներով պարգատրվեցին մի շարք ազատամարտիկներ:
Պարգևատրումն իրականացրեց Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուրդ Խաչատրյանը:
Տոնը նշանավորվեց նաև ՀՀ Ազատամարտի վետերաների միության նախագահ Հակոբ Գրիգորյանի շնորհավորական խոսքով. «Ես ուզում եմ բոլորին շնորհավորել տոնի կապակցությամբ և ցանկանալ, որ Արցախի երկինքը միշտ այսպես մաքուր լինի և խաղաղ: Հավատացած եղեք, որ Հայաստանում գտնվող բոլոր ազատամարտիկները միանշանակ միշտ կանգնած են լինելու մեր տղաների կողքին, ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք մի բռունցք ենք»:
«Անկախության տոնը բարձր արժեք է մեր ժողովրդի համար: Շնորհավորում եմ Արցախի ժողովուրդին՝ անկախության տոնի կապակցությամբ՝ ցանկանում խաղաղություն»,- իր խոսքում նշեց ՀՀ ԱՎՄ փոխնախագահ Վահրամ Վարդանյանը:
Հայաստանի Հանրապետության Ազատամարտի վետերաների միության կողմից Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանը պարգևատրվեց «Պատվո շքանշանով»:
ՀՀ ԱՎՄ-ի կողմից մի շարք ազատամարտիկներ ևս արժանացան պարգևների, ոմանք պարգևատրվեցին պատվոգրերով:
Պարգևատրումներն իրականացնելուց հետո ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը և ՀՀ ԱՎՄ նախագահ Հակոբ Գրիգորյանը և մի շարք ազատամարտիկներ միացել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և պետական ու զինվորական բարձաստիճան այրերի հետ միասին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին քաղաքային հուշահամալիրում, Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների և Ազգային ժողովի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Արցախի անկախության տոնի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորեց համայն հայությանը. «Ազգը ղեկավարելու կարևորագույն ձևը պետականություն ունենալն է, և այսօր ունենք այդ արժեքը: Պիտի այսուհետ ևս այնպես անենք, որ մեր երկիրը լինի զարգացող, հզոր և անվտանգ: Դա էլ կլինի մեր գլխավոր երաշխիքը»: