Արցախի ազատամարտիկների միության առաջին կիսամյակի գործունեության ամփոփում

Արցախի ազատամարտիկների միությունը ամենից առաջ մեր երեկվա պատերազմի բոլոր մասնակիցների համախմբող ուժն է, որը ծառայում է  մեր պետության ամրապնդման և նրա հզորացման շահերին:

ԱԱՄ 2020 թվականի կիսամյակային գործունեությունը սկսվեց Կարկառաշենից (Կրկժանից): Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Պարգևատրումն իրականացրեց միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Հայոց բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու նպատակով Արցախում բնակվող, բոլոր 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամներին տրամադրվեց գումար՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 150 000 դրամի չափով:

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Արցախում տեղի ունեցած տոնական միջոցառումներն իրենց բովանդակությամբ բավականին հագեցած էին և ոգեշնչող: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ստեփանակերտում և ՊԲ գրեթե բոլոր զորամասերում կազմակերպված միջոցառումներն ուղեկցվում էին ոչ միայն հանդիսավոր միտինգներով ու տոնական համերգներով, այլև բանակին օգտակար լինելու հետաքրքիր նախաձեռնություններով: Այդ առումով առանձնացման արժանի է Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կատարածը, ով, ավանդույթի համաձայն, այս անգամ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության բանակին նվիրաբերեց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

 Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոն օրվան նվիրված, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից: Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել, որ ինչպես մեր բանակաշինության բոլոր փուլերում, այսօր և այսուհետ ևս կանայք կլինեն իրենց վստահված առաքելության լիարժեք կրողները:

Բացի վերը նշյալից կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական ընդօրինակման արժանի նախաձեռնություններով: Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ Հանրապետության 761 կին ազատամարտիկներին միության կողմից հատկացվեց ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 40 000 դրամ գումարի չափով:

Արձանագրենք նաև, որ բացի պարգևատրումներից և խրախուսանքներից Միության ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել իր անդամների համար տոնական միջոցառումների կազմակերպմանը: Մասնավորապես ՝ Սուրբ Ծննդյան և տոների կապակցությամբ բոլոր տարածքային և համայնքային միավորումների ազատամարտիկներին որպես շնորհավորանք հատկացվել է 14.500  ծանրոցներ:

Երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվա կապակցությամբ Ազատամարտիկների պուրակում երեխաների համար բացօթյա կազմակերպվել են միջոցառումներ, միևնույն ժամանակ բոլորին բաժանվել է պաղպաղակներ:

Հունիսի 22-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի առթիվ, ՌԴ-ում շքերթների անցկացման օրը, թվով 21 վետերանների, որպես պարգևավճար հատկացվել է 50.000 դրամ գումար:

Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի հանդիսությունների սրահի կապիտալ նորոգումը Միության կողմից ընթացքի մեջ է, որի ընդհանուր գումարը կազմում է 15.468.000 դրամ:

Մեծ ուշադրություն է դարձվել հանրապետությունում տոնական և համապետական նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպմանը:

Նշեմ, որ բոլոր միջոցառումները իրականացվել են մինչև   համաճարակի համաշխարհային տարածումը և ԱՀ տարածքում արտակարգ իրավիճակ մտցնելը:

Արցախի հանրապետության տարածքում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու, սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ տարեցներին  սննդով ապահովելու համար հատկացվել է 6.180.000 (վեց միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ գումար:  Բարձր գնահատելով համաճարակի հետ կապված բուժաշխատողների կողմից կատարվող աշխատանքները, թվով 75 հոգու որպես պարգևավճար հատկացվել է 4.160.000 դրամ գումար:

 Հաշվետու ժամանակաշրջանում միության մտահոգության կարևոր հարցերից էին ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների բուժման և բժշկական սպասարկման խնդիրները: Թվով 41 ազատամարտիկների բուժսպասարկումը կազմակերպվել է ԱՀ զինվորական հոսպիտալներում: Ազատամարտիկների միություն դիմել է 175 ազատամարտիկ, որոնց համար ընդհանուր առմամբ ծախսվել է 13.941.600 դրամ գումար:

Արցախի ազատամարտիկների միությունը օգոստոսի 1-ին հանդես եկավ հերթական բարեգործական ծրագրով: Արդեն մի քանի տարի է, ինչ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել և այս ժամանակաշրջանում միության կողմից արդեն նվիրաբերվել է թվով 42 ավտոմեքենա, այս անգամ` «Նիվա» մակնիշի 10 ավտոմեքենա: Նշենք, որ պարգևատրումները իրականացվել է տարածքային միավորումների խորհուրդների որոշմամբ, փայլուն մարտական ուղի անցած և ակտիվ հասարակական գործնեություն ծավալած ազատամարտիկներին:

Արցախի ազատամարտիկների միության գրասենյակի հարևանությամբ կառուցված Ազատամարտիկների պուրակում բարեկարգման և տեխնիկական միջոցների ապահովման համար ծախսվել է 18.657.000 դրամ գումար:

Ազատամարտիկների միությունը միշտ եղել ու մնում է պատերազմող ազատամարտիկների թև ու թիկունքը: Միության կողմից ազատամարտիկներին ցուցաբերվող բարոյական և նյութական օգնությունը շարունակական բնույթ  է կրում:

Ինչպես երեկ և այսօր, այնպես էլ այսուհետ Արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունը պատվով է կատարում իր ստանձնած առաքելությունը: