ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ

Ների´ր ինձ, մա´յր, ների´ր, սիրելիս,

Որ նախ և առաջ

Ես դարձա որդին իմ հայրենիքի,

Որ կռվի կոչին իմ Ամարասի

Անհաղորդ մնալ չկարողացա:

Արամ Ավետիսյան

 

Արցախյան պատերազմն արդեն պատմություն է դառնում: Պատմություն են դառնում նաև այդ հաղթանակը կերտողների անունները: Անձինք, որոնց ապրած կյանքն ու պայքարը դարձել են դաս և ուղղորդում են սերունդներին հայրենակերտման ու ազգափրկության վեհագույն գործին: Այդ անձանց շարքում է Արամ Ավետիսյանը, ով առաջնային պլան մղեց հայրենքի պաշտպանությունը և  «Չիմացյալ մահը մահ է, իմացյալ մահը՝ անմահություն» գիտակցումով նետվեց պայքարի թոհուբոհի մեջ: Նա ընկավ, որ իր մարտի դաշտի անհաղթ ընկերները վրեժի ծարավով լցված թշնամուն ծնկի բերեին: Արամի մահը կարծես սթափեցնող կոչ էր բոլորին, որ հանձնվել չկա, թեկուզ արյամբ, բայց հայրենիքի պաշտպանությունը ավելի սուրբ է: Նա ապրեց ընդամենը 32 գարուն:

1960թ.-ի սեպտեմբերի 13-ին է ծնվել Արամ Ավետիսյանը: Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր նա, Արամ Ավետիսյանը այսօր կդառնար 60 տարեկան: Հանդիսավոր կերպով և զինվորական կարգով բացվեց անմահ հերոսի հիշատակը հավերժացնող խաչքարը: Միջոցառմանը ներկա են եղել ՊԲ ներկայացուցիչներ, ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, ընտանիքի անդամները,  հարազատները, մարտական ընկերներն ու համայնքի բնակիչները:

Խաչքարի հանդիսավոր բացումը տրվեց նրա հարազատներին և ընտանիքի անդամներին: Միջոցառումը շարունակվեց դպրոցի բակում և ուղեկցվեց Արամի մարտական ընկերների հիշողություններով՝ Արամի  հայրենասիրության, կազմակերպչական հզոր ջիղն ընդգծելով:

Ելույթի խոսքով հանդես եկավ Արամի քույրը՝ շնորհակալություն հայտնելով համայնքի բնակիչներին, ներկաներին՝ իրենց նախաձեռնության կողքին լինելու, աջակցելու համար:

Միջոցառումն ամփոփվեց կեդանի երաժշտությամբ՝ գյուղի սաների և ՊԲ «Ասպետ»  համույթի գեղարվեստական կատարումներով:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեր հերոս նահատակների հուշարձանին: Արամ Ավետիսյանի խաչքարն այսուհետ գյուղացիների համար դառնալու է սրբատեղի, պայքարի ու հաղթանակների խորհրդանիշ: Արցախյան գոյապայքարի նվիրյալ Արամ Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ծնունդդ շնորհավոր, հերոս

Փա՜ռք Հայոց բանակին, փա՜ռք հերոսական մեր Հայրենիքի անձնվեր և քաջակորով ազատամարտիկներին, փա՜ռք Երկրի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներին: