Այսօր առավոտյան ժամը 7:10-ի սահմաներում հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ ռմբահարելով ոչ միայն առաջնագիծը, այլև քաղաքացիական օբյեկտները, այնուհետև անցել լայնածավալ հարձակման: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
Արցախի ազատամարտկների միությունը՝ հավատարիմ իր հայրենանվեր ավանդույթներին, պատրաստակամ է իր գործնական մասնակցությունը բերելու հայրենիքի պաշտպանության սրբազան գործին և, արդեն իսկ, նրա հազարավոր անդամներ զենք ու զրահով սպասում են հրամանի:
Վստահ ենք, այս անգամ ևս հակառակորդը ձախողելու է: Հաղթանակը հեշտ չի տրվում, բայց ինչպես երեկ, այնպես էլ այսօր մեր հայորդիների միասնական ոգու ուժով մենք հաղթելու ենք:
Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ժողովրդին խուճապի չմատնվել և լինել զգոն թշնամու սանձարձակ գործողություններին արժանապատիվ դիմագրավելու համար: Միաժամանակ հորդորում ենք 50-ից բարձր տարիք ունեցող ազատամարտիկներին՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել միության առաջին իսկ կոչով զինվորագրվել Հայրենիքի պաշտպանությանը:
Համոզված եղեք, հաղթանակը մերն է լինելու: