Ազգանվեր առաքելություն

Արցախի ազատամարտիկների միությունը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը: Դիմագրավելով երկրում տեղի ունեցող բոլոր փորձություններին՝ վճռական պահերին միությունը միշտ կանգնած է ազատամարտիկների կողքին:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորում ստացած, մարտական գործողություններում ակտիվ մասնակցություն ունեցած, Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Քաշաթաղի շրջանների տարհանված մի շարք ազատամարտիկների ընտանիքներ միության կողմից ստացան սնունդ և հագուստ: Շուշիի շրջանի բնակիչներին միության հովանավորությամբ անվճար հիմունքներով տրամադրվում է հաց:

Ընդհանուր առմամբ այս ընթացքում միության կողմից արդեն իսկ թվով 700 ընտանիք օգնություն է ստացել, որն այժմ էլ շարունակական բնույթ է կրում:

Միությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում բոլոր ազատամարտիկներին, ովքեր ոչ միայն պատերազմի դաշտում, այլև այսօր շարունակում են իրենց սուրբ գործը և վստահեցնում՝ չնայած բոլոր դժվարություններին՝ հայը միշտ էլ կարողացել է ոտքի կանգնել․այս անգամ ևս ոտքի կկանգնենք, կծաղկենք և կբարգավաճենք: