Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել

Օդում կախվեց աշխարհակուլ մի  պատերազմ,

Իսկ  գարո՜ւն  էր……

                                                           Պարույր  Սևակ

    Այսօր՝  ապրիլի 24-ին Արցախի ազատամարտիկների միության վարչության անդամները մի շարք ազատամարտիկների հետ  հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև:

      Ուղիղ 106-տարի առաջ  Օսմանյան կայսրությունը հայոց ցեղասպանության միջոցով, նպատակ ուներ մեկընդմիշտ լուծել հայոց հարցը, քողարկելով դարի հանցագործությունը՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովուրդ լրիվ ոչնչացվեց: Այս ծրագրի արդյունքում միլիոնավոր հայեր կտտանքների ենթարկվեցին, գաղքի ճամբա բռնեցին: Անկախ սեռից, անկախ տարիքից օսմանյան թուրքիայի այս ոճրագործությանը  զոհ էին գնում բոլորը:

    Հայոց ցեղասպանությունը մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց զատ, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել,  մեկ դարից ավել է` հայը  կանգնած է յաթաղանի առաջ: Այդ ողբերգությունը ցավալի, բայց և ապրեցնող  է: Կորուսյալ հայրենիքի և ներկա սերնդի անկոտրում կամքը մեզ պարտավորեցնում  է  վերհառնել  և շարունակել ապրել, արարել ի լուր աշխարհին:

     Համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը, 106 տարի է հայ ժողովուրդը պայքարում է արդարության համար:

     Մենք չենք լռելու, մինչև որ աշխարհը չճանաչի թուրքի ձեռագիրն ու մեր խաղաղ ապրելու իրավունքը:

     Հիշում ենք և պահանջում: