ՄԵՐ ՈԳԻՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ Է

   Հայ ազգը մեծ հպարտությամբ և ցնծությամբ է նշել մայիսյան եռատոնը` Հայրենական մեծ պատերազմում տարած  հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Սակայն 2020թ. Արցախյան երրորդ պատերազմը հայ ժողովուրդի համար եղավ ճակատագրական: Մեր կող քին, մեզ հետ ապրող մի շարք մարտիկներ հերոսացան հանուն մեր խաղաղ երկնքի:

     Այսօր մայիսի 9-ին` Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ազատամարտիկների միության և տարածքային միավորումների անդամներ և մի շարք ազատամարտիկներ այցելեցին եղբայրական հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակի առջև: 44-օրյա պատերազմը անդառնալի ցավ ու կորուստներ է պատճառել մեզանից յուրաքանչյուրին: Այժմ ավելի քան երբևէ հայ ազգը ապրում է պատմական ծանր ժամանակներ, սակայն մենք իրավունք չունենք հուսահատվելու: Չնայած հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ դառնություններ է տեսել, բայց և միևնույն պահին սովոր է վերհառնել, քանզի հայի ոգին և կամքը անպարտելի է:

      Տոնի կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միությունը արդեն ավանդույթ  դարձած ազգանվեր առաքելությամբ հանդես եկավ: Արցախյան երրորդ պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ունեցող, ֆինասական ծանր վիճակում գտնվող  մի շարք անհատներ միության կողմից ստացան ֆինանսական օժանդակություն, որը փոքր-ինչ կմեղմացնի նրանց հոգսը:

      Չնայած այսօր Արցախը և Արցախցին բարոյահոգեպես ընկճված  և հուսալքված է,  սակայն պետք է մեկընդմիշտ հիշել «Միասնություն` ահա գրավականը հաղթանակի», այսօր ավելի քան երբևէ մենք պարտավոր ենք լինել միասնական և չմոռանալով մեր պապերի կերտած հաղթանակը պետք է ոտքի կագնենք և նոր հաղթանակներ կերտենք: