ՈՒ ՆՈՐԻՑ ՊԻՏԻ ԾԱՂԿԵՍ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումով բացվեց հայոց պատմության նոր էջը: Արցախյան գոյապայքարը դարձավ համայն աշխարհի հայությանը միավորող ուժ: Կրկին հաստատվեց հայտնի ճշմարտությունը.«Ազատությունը զենքով են նվաճում, իսկ հողը`արյամբ պաշտպանում»: Սեփական ուժերով և նվիրյալների արյամբ ձեռք բերած անկախությունը անսակարկելի արժեք է:
Այսօր Արցախի Ազատամարտիկների միության անդամները, մի շարք ազատամարտիների հետ այցելեցին եղբայրական հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Արցախյան գոյապայքարում մարտիրոսված քաջորդիների հիշատակի առջև:
Օրը նշանավորվեց նաև Արցախի հերոս, ՀՀ ազգային հերոս Յուրի Պողոսյանի հուշարձանի բացմամբ: Միջոցառումը տեղի ունեցավ Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցում: Միջոցառմանը ներկա էին ԱԱմ անդամներ, մարտընկերներ, հարազատներ, կրթօջախի ուսուցչական կազմը և աշակերտներ:
Իսկ օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Ձեզ բացակա չենք դնի>> հուշատախտակի բացումը:
Հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ՝ Արցախի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն և հաջողություն Ձեր ձեռնարկած յուրաքանչյուր ազգանպաստ գործում:
Թող Արցախ աշխարհը միշտ ծաղկուն լինի: