Սույն թվականի սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ Սամվել Սոկրատի Գևորգյանին՝ հանձնելով նրան «Ոսկե արծիվ» շքանշան:
Արցախի Ազատամարտիկների միության վարչությունը շնորհավորում է ԱԱՄ անդամ Սամվել Սոկրատի Գևորգյանին, մաղթելով քաջ առողջություն, Արցախյան երկարակեցություն, նոր ուժ ու եռանդ:
Հարկ է նշել, որ ռազմական բժշկությունը ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է: Ռազմական բժիշկը նախ և առաջ զինվոր է, ով կանգնած է սահմանին, մեր վիրավոր տղաների կողքին: Արցախի Հանրապետության ՊԲ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Սամվել Գևորգյանը Արցախյան առաջին պատերամից ի վեր կանգնած է եղել մեր երկրի անվտանգությունը ապահովող տղաների կողքին: