ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմը մեր ժողովրդի համար իրոք ողբերգական մեծ իրադարձություն էր… Իրադարձություն, որն իր տառապալից հետևանքներով անչափելի է: Մեր ցավն անսահման է, քանզի մենք կորցրել ենք ոչ միայն պատմական հայրենիքի մեծ մասը, այլև այն հազարավոր նվիրյալներին, ովքեր ազնվորեն սիրում էին իրենց օջախն ու երկիրը…
Նվիրյալների այդ համաստեղության մեջ Ալեքսանդր Իվանի Հարությունյանը՝ մեր բոլորի կողմից սիրված ու հարգված Սաշկոն, եղել ու մնալու է այն լուսավոր աստղը, որի ճառագայթներից, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, սերունդները ապրելու հավատ են քամելու…
Ալեքսանդր Իվանի Հարությունյանը ծնվել է 1974 թ. փետրվարի 28-ին: Հաճախել է մայրաքաղաքի թիվ 3 դպրոցը… Սովորում էր 7-րդ դասարանում, երբ Արցախում սկիզբ առավ ազգային ազատագրական շարժումը: 1990-ին անդամագրվեց երկրամասում օր-օրի ահագնացող զինված պայքարին և դարձավ 4-րդ կամավորական վաշտի ամենաերիտասարդ զինվորներից մեկը: Մարտական մկրտությունը ստացավ Ստեփանակերտը շրջափակող թշնամական ուժերի դեմ, նախ՝ քողարկված, ապա բացահայտ զինված պայքարում: Առաջին լուրջ գործողությունը, որին Սաշկոն մասնակցեց, Խոջալվում տեղակայված ադրբեջանական ռազմահենակետի վերացման օպերացիան էր: Դրանից հետո մարտական գործողությունները կրեցին առավել բացահայտ և շարունակական բնույթ, որոնցում առավել, քան ակտիվ էր անձնվեր քաջորդին: Պաշտպանական մարտեր 26-ի բարձունքում և Ասկերանի սահմանամերձ գյուղերում, հակահարձակողական ու ազատագրական գործողություններ Կարկառաշենի և Շուշիի ուղղություններով, նորից պաշտպանական թեժ մարտեր Մարտակերտի ճակատում և այդպես մինչև 1992-ի աշուն…
1992-ի սեպտեմբերին, երբ նորաստեղծ Ինքնապաշտպանության ուժերի կազմում ստեղծվեց Կենտրոնական պաշտպանական շրջանը, Ալեքսանդր Հարությունյանը, որպես այդ զորամասի հետախուզական ստորաբաժանման շարքային զինվոր, տակավին իր բարձրության վրա էր: Ծառայելով լեգենդար զորամասում Սաշկոն ոչ միայն մասնակցում, այլև անմիջական մասնակցություն էր ունենում իրենց ստորաբաժանմանը վերաբերող օպերացիաների մշակման գործընթացներում… Հատկանշական է 1993-ի փետրվարին ծավալված հակահարձակողական օպերացիաներում մեր անմոռաց հերոսի ունեցած ավանդը, մասնավորապես, նրա մասնակցությունը Մարտակետի շրջանի բռնազավթված տարածքների ազատագրման, Քարվաճառում, Ջաբրայիլում, Հորադիզում, Ղուբաթլվում և հարավային ուղղությամբ տեղակայված թշնամական մյուս ռազմահենակետերի վնասազերծման օպերացիաներում: Արցախյան առաջին պատերազմի ավարտին Ալեքսանդր Հարությունյանը մասնակցեց Մարտակերտի շրջանի Յարմջան, Սեյսուլան գյուղերի ազատագրման և հարակից Նամիրլի, Շուրաբադ ռազմաբնակավայրերի վնասազերծման գործողություններին և հաղթանակով պսակեց իր առաջին պատերազմը…
1994թ. մայիսի 28-ին նա առաջիններից մեկն էր, ով արժանացավ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևը հանդիսացող <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի…
Պատերազմից հետո Ալեքսանդրն Արցախի զինված ուժերում ծառայեց մինչև 2003 թվականը, որից հետո՝ առողջական վիճակից ելնելով, որպես 2-րդ կարգի հաշմանդամ, զորացրվեց: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա այդ ընթացքում պարգևատրվեց նաև ԼՂՀ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով, <<Արիության համար>>, <<Շուշիի ազատագրման համար>>. <<Մարտական ծառայություն>>, <<Վազգեն Սարգսյան>>, <<Անդրանիկ Օզանյան>> մեդալներով…
Սակայն, այս ամենով հանդերձ, Սաշկոյի համար Հայրենիքին ծառայելու բավականին պատասխանատու և պատվաբեր առաքելությունը չավարտվեց: Առջևում 2016-ի ապրիլյան քառօրյա առճակատումն էր: Նա նորից առաջնագծում էր, բայց այս անգամ արդեն Արցախի ազատամարտիկների միության կից ստեղծված և իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանման հետ միասին: Սաշկոն մարտական գործողությունների ամենաթեժ կետերից մեկում էր պատերազմի առաջին իսկ օրից: Իսկ դա հյուսիսային ուղղությունն էր, որտեղ իր անձնակազմի հետ մնաց մինչև հունիսի կեսերը: Մարտական պահպանությանը զուգահեռ մոտ երկու ամիս նա իր անձնակազմի հետ զբաղված էր նաև ինժեներական ամրակառույցների ստեղծման աշխատանքներով…
Իր ոչ այնքան հասուն տարիքում անցնելով երկու պատերազմ, Ալեքսանդր Հարությունյանը շատ լավ էր պատկերացնում, որ Արցախը գտնվելով ռազմաքաղաքական առանձնահատուկ զարգացումներով ծանրաբեռնված իրավիճակում, եթե ոչ այսօր, ապա ամենամոտ ապագայում վերահաս պատերազմն անխուսափելի է… Եվ դա չուշացավ… 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թվով երրորդ պատերազմը: Ինչպես նախորդ երկուսում, այս անգամ ևս, Սաշկոն նորից առաջին գծում էր… Բայց այս անգամ, ոչ միայն մարտընկերների, այլ նաև իր հարազատ որդու հետ… Այն որդու, որն անչափահաս լինելով հանդերձ, իր հետ՝ առաջնագծում էր եղել նաև 2016թ. ապրիլին…
2020թ. հոկտեմբերի 10-ը Ալեքսանդր Հարությունյանի երկրային կյանքի ամենաճակատագրական օրն էր… Հադրութից հարավ ընկած <<9 կիլոմետր>> կոչվող տարածքում հակառակորդի կողմից իրականացված կրակային խոցման արդյունքում մարտիրոսվեց իր երկրին ու ժողովրդին ազնվորեն նվիրված մեր անփոխարինելի ընկեր Սաշկոն…
…Միանշանակ է, որ նրան չենք կարող վերադարձնել, բայց ի հիշատակ նրա և ապրողներիս պատվի մենք պարտավոր ենք վերադարձնել այն տարածքները, հանուն որոնց իր գիտակցական կյանքը նվիրել է մեր անփոխարինելի զինակից Ալեքսանդր Իվանի Հարությունյանը… Մեծատառով մարդ, ով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020թ. հոկտեմբերին արժանացավ Արցախի Հանրապետության հերոսի բարձրագույն կոչման և պարգևատրվեց <<Ոսկե արծիվ>> շքանշանով…
Հիշենք և մեծարենք մեր հերոսին…