Հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը նրանց պատգամները իրականացնելն է…
Ամենկարող տիրոջ զորությամբ սուրբ հայրենիքի պաշտապանության գործում ամենակարգապահ և ամենաընկերասեր մարտիկներից էր Արթուր Ամիրբարյանը:
Արթուր Վյաչեսլավի Ամիրբարյանը ծնվել է 1972թ. հունվարի 12-ին Ստեփանակերտ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1987-1990թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 21 պրոֆտեխուսումնարանում, որպես ծեփագործ-նկարիչ:
Սակայն ընտանիքի հոգսերը հոգալու համար 1990թ.ից աշխատանքի էր անցել Արցախի հանրային հեռուստատեսությունում, որպես բանվոր: 2 տարի աշխատելուց հետո Արթուրը անդամգրվեց ՊԲ-ի շարքեր, որտեղ և սկսեց կյանքի մի նոր ուղի:
Քսանամյա Արթուրը իր մարտական ուղին սկսել է 1991 թվականի նոյեմբերին, 4-րդ վաշտի կազմում: Այդ վաշտի կազմում Արթուրը մասնակացել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի պաշտպանությանը, ինչպես նաև Կրկժանի «26-րդ» բարձունքի ուղղություններում ընթացած մարտերին, իր մարտական լավագույն ընկեր` Արթուր Կարապետյանի հետ միասին դիմագրավելով թշնամական զորքերին երկուսով վիրավորվում են, ընկերը գլխի հատվածում իսկ Արթուրը ոտքի և ձեռքի, մասամբ նաև կրծքավանդակի: Սակայն անվախ մարտիկի համար հետ կանգնելու շարժառիթ չէր կարող հանդիսանալ այս հանգամանքը:
1992թ. Շուշիի ազատագրաման գործողությունների ժամանակ թշնամու դեմ ծավալված անհավասար մարտում քաջի մահով ընկավ Արթուրի եղբայրը՝ Արմեն Ամիրբարյանը: Ամենաթանկ մարդուն կորցնելուց հետո Արթուրի մտքում և ոգում պայքարն ավելի թեժացավ: Վճիռը մեկն էր՝ պայքարել մինչև վերջ և դարավոր թշնամուց առնել հարազատ եղբոր վրեժը: Ապաքինվելուց հետո Արթուրը կրկին վերադարձավ շարք և շարունակեց իր ծառայությունը նույն վաշտում: Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Նախիջևանիկի այնուհետև Մարտակերտի շրջանի Մեհմանա, Կուսապատ և Չլդրան գյուղերի պաշտպանական մարտերին:
Ստեղծելով գումարտակներ, այնուհետև զորամասեր, Արթուրենց վաշտը կցվել էր ԿՊՇ-ի կազմին:
Նույն զորամասի պարետային դասակի կազմում Արթուրը մասնակցել է Կիչան, Չլդրան, Դրմբոն, Մեհմանա ուղություներով ընթացող մարտական գործողություներին, այնուհետև նաև Մանիքլու Գարաչլար, «Պուշկեն յալ» բարձունքի ազատագրմանը: Նույն թվականի հուլիսից մասնակցել է Աղդամի, Հադրութի շրջանի Յոթ Առաքյալ և մի շարք այլ գյուղերի, Ջեբրաիլի, Ղուբաթլուի, Հորադիզի շրջանների ազատագրմանը:
1994թ. հունվարին մասնակցել է Ֆիզուլիի շրջանում ընթացած պաշտպանական մարտերին: Հետո նաև Ակնայի (Աղդամ) շրջանի Յարմջան, Սեյսուլան գյուղերի ազատագրմանը: Մայիսի 12-ին հրադադարի պայմանագրի կնքումից հետո ծառայությունը շարունակել է զորամասի պարետային դասակի հրամանատարի պաշտոնում:
2014թ. Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման ժամանակ Արթուր Ամիրբարյանը Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ և մի շարք ազատամարտիկների հետ մեկնեցին հայրենքի պաշտպանության սուրբ գործը իրականացնելու, այս անգամ արդեն՝ մայր Հայաստանի սահմաններում:
2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Թալիշի, Մատաղիսի ուղղությամբ ընթացած թեժ մարտերին:
Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ՊԲ զորամասերում մարտական դիրքերը կահավորելու, բարելավելու նպատակով զորամասերում կառուցեցին գետնանցքներ, խրամատներ:
2017 թվականի փետրվար ամսից Արթուրը հանդիսանում էր ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի 2-րդ համայնքի նախագահ:
2020թ. սեպտեմբերի 27-ին առաջիներից էր, որ անդամագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, մարտընչում էր Տոնաշեն, Հադրութ և մի շարք այլ ուղղություններում, սակայն հոկտեմեբրի 28-ին այդ չարաբաստիկ օրը Արթուր Վյաչեսլավի Ամիրբարյանը հերոսի մահով ընկավ:
Արթուր Ամիրբարյանը պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար», «Շուշիի ազատագրաման համար» և «Անբասիր ծառայություն» մեդալներով: Իսկ 44-օրյա պատերազմում դրսևորած անձնուրաց մասնակցության համար Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Հիշատակդ միշտ վառ կմնա Արթուր Վյաչեսլավի Ամիրբարյան:
Փառքով ընկան նաև ազատամարտիկներ` Հարությունյան Ալեքսանդրը, Կնազյան Արմենը, Բաբայան Արթուրը, Գալստյան Արթուրը, Մինասյան Արամը, Մինասյանը Լևոնը, Ավանեսյան Արմենը, Պետրոսյան Սերժիկը, Սևյան Աշոտը, Դավթյան Սլավան, Գրիգորյան Արայիկը, Գրիգորյան Աշոտը, Ավետիսյան Արմենը, Հարությունյան Էդուարդը, Հովհանիսյան Արթուրը, Մկրտչյան Արամը, Բաբայան Հայկը, Դավթյան Հրայրը:
Հավերժ Փառք, մեր հերոս տղաներին:
