ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈԻԹՅԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի´ հայրենակիցներ.
Ավարտին է մոտենում 2021 թվականը: Այն, թերևս, մեր պատմության հերթական ծանրագույն տարին էր, որը, պայմանավորված 44-օրյա պատերազմի թողած հետևանքներով, լի էր բազում դժվարություններով ու ինչ-որ տեղ նաև անհաղթահարելի մի շարք խոչընդոտներով:
Ելնելով ստեղծված իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը ստիպված էր տարվա աշխատանքները պլանավորել և կյանքի կոչել առկա զարգացումների տրամաբանության շրջանակում: Իսկ դա նախևառաջ նշանակում էր ուշադրության կենտրոնում պահել բոլոր նրանց, ովքեր պատերազմի արդյունքում հայտնվել են սոցիալ- տնտեսական ու բարոյահոգեբանական ծանր վիճակի մեջ:
Հաշվի առնելով այս հանգամանքը Միությունը տարին սկսեց բարեգործական ծրագրով, ըստ որի Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորում ստացած, մարտական գործողություններում ակտիվ մասնակցություն ունեցած, Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Քաշաթաղի շրջանների տարհանված մի շարք ազատամարտիկների ընտանիքներ Միության կողմից ստացան սնունդ և հագուստ: Շուշիի շրջանի բնակիչներին միության հովանավորությամբ անվճար հիմունքներով տրամադրվեց հաց: Ընդհանուր առմամբ այդ ընթացքում Միության կողմից արդեն իսկ թվով 700 ընտանիք օգնություն է ստացել: Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Արցախի ազատամարտիկների պուրակում տեղի ունեցավ մանկական զվարճալի ծրագիր, օրը հագեցած էր բազմաբովանդակ միջոցառումներով, մուլտհերոսների հետ համատեղ կազմակերպվեց պարային ֆլեշմոբ, կազմակերվեցին մի շարք մրցույթներ, ակտիվ երեխաները ստացան նվերներ, իսկ շոու ծրագրի ավարտին բոլոր երեխաներին բաժանվեց պաղպաղակ:
Տարվա երկրորդ կիսամյակում միության առաքելությունը մնաց անփոփոխ: Քանի որ պատերազմի հետևանքով ջրային ռեսուրսների կորուստը հանրապետության տարածքում և, հատկապես Ստեփանակերտում, հանգեցրել էր մի շարք խնդիրների, ուստի Միությունը որոշեց հնարավորինս մեղմել դրանք՝ քաղաքի տարբեր թաղամասերում բաժանելով խմելու ջուր:
Զուգահեռ այս և էլի մի շարք հումանիտար գործընթացներին, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, նպատակային քայլեր են իրականացվել նրանց կատարածը գնահատելու ուղղությամբ: Մասնավորապես Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար Միության միջնորդագրերով հարյուրավոր ազատամարտիկներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Հայրենիքի պաշտպանության համար մղած մարտերում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար արժանացել են <<Արիության>> և <<Մարտական ծառայության>> մեդալների: Միևնույն ժամանակ Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ հետմահու պարգևատրված ազատամարտիկների ընտանիքներին հատկացվել է 100.000-ական դրամ գումար…
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների ցանկը կարելի է երկար շարունակել, բայց դրանց շարքում, թերևս ամենահրատապն ու կարևորն այն է, որ Միության նախաձեռնությամբ հարյուրավոր ազատամարտիկներ կամավորության սկզբունքով լծվել են Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և այսօր մարտական հերթապահություն են տանում երկրի բզկտված սահմանների տարբեր հատվածներում…
Ամփոփելով այս հակիրճ անդրադարձը, թույլ տվեք վերջում շնորհավորել մեր բազմաչարչար ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը և հավատալ, որ բոլորիս համահավաք ջանքերի շնորհիվ 2022 թվականը կդառնա վերագտնումների և հաջողությունների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Արցախի ազատամարտիկների միություն