Զարթնի´ր, լա´ո

Ժամանակներն են փոխվում, սակայն պատմության իսկությունը մնում է անփոփոխ: Ուղիղ 107 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում իրագործվեց հայ ժողովուրդի բնաջնջումը, որն կազմակերպվեց մի քանի փուլով, և արդյունքում թուրք յաթաղանի զոհ գնաց մեկուկես միլիոն հայ:
1915թ.-ից ի վեր ապրիլի 24-ը համարվում է հայ ազգի բնաջնջման օր, սակայն որքան խորն է ցավը, այնքան պայքարն է ուժեղանում կյանքի հանդեպ: Երիտթուրքակական ծրագիրը, մեր օրերում կրկին տեսանելի է, հայ ազգի հանդեպ թուրքի ատելությունն ու նողկանքն անթաքույց:
Սակայն ի լուր աշխարհին, ի պատասխան սեփական ծանր ճակատագրի հայը շարունակում է ապրել իր հողում և շենացնել հարազատ երկիրը: Չնայած դժվար իրավիճակին մենք այսօր ավելի քան երբևէ պետք է լինենք անկոտրում և միասնական:
Ապրիլի 24-ին նախօրեին Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, միության վարչության, տարածքային միավորման անդամների և հարյուրավոր ազատամարտիկների հետ մասնակցել են «Զարթնի´ր, լա´ո» խորագրով ջահերթին` ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի: Իսկ ապրիլի 24-ին նույն կազմով այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:
Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին: